Բրիտանիայում թանգարանը որոնում է պատմական ցուցանմուշը կոտրած «հուզված» փոքր տղային (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Իպսուիչ քաղաքում գտնվող թանգարանի անձնակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք որոնում են պատմական ցուցանմուշը պատահաբար կոտրելուց հետո «հուզված» փոքր տղայի ընտանիքը, գրում է The Independent-ը:
Նշվում է, որ փոքր տղայի անունը հայտնի չէ, սակայն նա հավանաբար եղել է 4 կամ 5 տարեկան: Թանգարանի աշխատակիցները խնդրում են տղայի բարեկամներին ներկայանալ, որպեսզի նրանք կարողանան ասել երեխային, որ 18-րդ դարի կուժը վերականգնվել է:
Նշվում է, որ տղան չափազանց «հուզվել» էր, որ իր պատճառով ցուցանմուշը կոտրվել է, և այժմ թանգարանի անձնակազմը ցանկանում է, որ նա իմանա, որ ամեն ինչ կարգին է:
«Երեխան շատ վշտացել էր տեղի ունեցածից, և բոլորը մտածում էին, որ նա ոչնչացրել է պատմական կուժը: Մենք ցանկանում էինք նրան և իր ընտանիքին ցույց տալ, որ ամեն ինչ վերականգնվել է և այն կրկին ցուցադրվում է»,- ասել է թանգարանի խոսնակը:













