Էրդողանն իր պալատի մոտ կառուցված մզկիթի դռները բացել է հանրության համար (լուսանկարներ)

17:08 • 03.07.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսավորությամբ բացել է իր հսկայական պալատական համալիրի մոտ կառուցված մզկիթը և դրա դռները բացել նաև հանրության համար՝ հավանաբար փորձելով շեղել բոլորի ուշադրությունը պետական ծախսերի վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունից, գրում է Hurriyet Daily News-ը։

 

Էրդողանը քննադատության էր արժանացել 1.150-սենյականոց նախագահական պալատ կառուցելու համար պետական միջոցները վատնելու համար։

 

Էրդողանի հիմնած իշխող կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունն անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ընդդիմադիր կուսակցությունները պալատը դարձրել էին իրենց նախընտրական արշավների թեման՝ ստիպելով նրան պաշտպանվել: Անգամ մեղադրանքներ են եղել ոսկեջրած զուգարանակոնքերի մասին, ինչը Էրդողանը կտրականապես հերքել է:

 

Նախագահական պալատի տարածքում բացված այս մզկիթը, որը դարձել է Անկարայի ամենամեծ մզկիթներից մեկը, կարող է 3.000 հավատացյալ ընդունել, դրա չորս՝ 40 մետր բարձրությամբ մինարեթները տեսանելի են քաղաքի բազմաթիվ անկյուններից: Էրդողանը նշել է, որ բացի նախագահական պալատում աշխատող անձնակազմից, մզկիթը բաց կլինի նաև բոլոր քաղաքացիների համար, ովքեր մզկիթ կմտնեն առանձին մուտքից:

CİHAN photo