Աթենքում զանգվածային ցույց է, ոստիկանությունը ուժ է կիրառել, հրապարակ է դուրս եկել վարչապետը

22:51 • 03.07.15

Հունաստանի մայրաքաղաքում  զանգվածային ցույցեր են ընթանում` վարկատուների պահանջների դեմ բողոքով:

Russia Today-ը հայտնում է, որ փողոց է դուրս եկել ավելի քան 10.000 մարդ` Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում: Այլ տվյալներով՝ դեմ կոչերով փողոց է դուրս եկել 25 000, կողմ կոչերով` 20 000 մարդ:

Սինտագմա է ժամանել նաև այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիրպասը: Հրապարակը հսկողության տակ է առել նաև ուղղաթիռով: Վարչապետը հանդես է եկել ելույթով:

Միաժամանակ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Աթենքի զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարների մի խումբ, ամբոխից առանձնանալով, ներկ է լցրել Հույն արդյունաբերողների խորհրդի շենքի վրա:

Աղբյուրը նշում է, թե հունական որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գրանցվել են դեպքեր, երբ ցուցարարները հարձակվել են արտասահմանցի լրագրողների վրա:

Ցուցարարները այժմ կոչ են անում հուլիսի 5-ի հանրաքվեին «ոչ» ասել Հունաստանի վարկատու երկրներին, որոնք պահանջում են այդ երկրում խիստ տնտեսական միջոցառումներ ձեռնարկել` պարտքերը փակելու նպատակով: