17 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում ամենապահանջված հեղինակը Ստենդալն է
Երիտասարդների կողմից ամենից շատ պահանջարկված է Ստենդալի «Կարմիրն ու սևը» , որը 6 ամիսների ընթացքում 5 անգամ հայտնվել է Ազգային գրադարանի 10 ամենաընթերցված գրքերի ցանկում: Երկրորդ տեղում է Ռիչարդ Բախի՝ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը:
«Մենք որոշակի մոնիթորինգ են անցկացրել, այս 6 ամիսների ընթացքում 10 ամենաընթերցված գրքերից առաջին տեղում էր «Կարմիրն ու սևը», մայիսին՝ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայ»-ն էր: Գոյություն ունի նաև գրքերի կամ ստեղծագործությունների վերարտադրողականության գաղափար, հենց «Կարմիրն ու սևը» գրքի հետ կապված, կարող եմ ասել, որ այդ գիրքը մեր գրադարանում 50-ականների հրատարակություն է եղել և այն վիճակում է եղել, որ նույնիսկ չի սպասարկվել: Եվ շատ հետաքրքիր է հրատարակչությունների կողմից այս գրքերի վերահրատարակումը, բայց նոր թարգմանություններով, նոր հայացքով նոր աչքերով»,- նշեց Հայկանուշ Ղազարյանը:
Մյուս պահանջված գրքերն են՝ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Գյոթեի «Ֆաուստը», նաև Հյուգո, Մոպասան, առավել քիչ պահանջարկված՝ «Ստամբուլի բիճը» և այն:
Ըստ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի՝ սա վկայում է այն մասին, որ կա բուհական պարտադիր գրականության խնդիր կա, սա այդ ցանկից է:
39 անուն ամենաընթերցված գրքերից 13 անունը հրատարակվել է «Անտարես»-ի կողմից, 4-ական՝ «Հայաստան» և «Նաիրի» և այլ հրատարակչությունների կողմից:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ նորմալ կայացած շուկաներում ուսումնասիրվում է նախ պահանջարկը և բավարարում համապատասխան առաջարկով:
«Այդպես է վրացական շուկայում, ռուսաստանյան, բայց Հայաստանում այդպես հնարավոր չէ աշխատել, քանի որ կորել է կապը գրադարանավարի և ընթերցողի, հրատարակչի և ընթերցողի, գրողի և ընթերցողի միջև»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանում 19 անգամ ավելի շատ են կարդում, քան Հայաստանում:
Բանախոսը նկատեց, որ ինչ-որ կերպ երեխային պետք է հասկացնել, որ գիրքը ընկեր է անդավաճան ընկեր, գիտելիք, զենք ու ավելի շատ ֆունկցիաներ ունի, քան սմարթֆոնը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ խոսեց ընթերցանության ՝ երեխայի օրգանիզմի վրա ունեցած ֆիզիոլոգիական ազդեցության վրա:
Ըստ նրա՝ գիտական ապացուցված տվյալներ կան, որ երեխայի, մարդու գլխի ձախ կիսագունդն ակտիվ ընթերցանությամբ զբաղվելու դեպքում մեծանում է: «Մարդը հենց կենդանուց տարբերվում է նրանով, որ նրանց մոտ կիսագնդերը սիմետրիկ են»,- նկատեց հոգեբանը:










