Եթե մինչև երկուշաբթի իշխանությունները մեր պահանջներից գոնե մեկը չկատարեցին աղբամանները մեկ քայլ առաջ ենք տանում դեպի Բաղրամյան 26 (ուղիղ)

09:57 • 04.07.15

Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 12-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով  էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում։

 

ՀՀ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:


 

21:40

 

 

Ինչպես հայտարարել էր  շարժման համակարգող խումբը, երեկոյան պետք է հայտարարի իր անելիքների մասին:


Դավիթ Սանասարյանը բարձրախոսի մոտ է. «Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ: Շուրջ երկու շաբաթ է ինչ մենք փողոցում ենք հանուն Հայաստանի վաղվա օրվա ու հայտարարում ենք, որ կանգնելու ենք մինչև հաղթանակ:


Այս օրերին իշխանությունները ուժ կիրառեցին, փորձեցին արժեզրկել շարժումը: Փորձեցին վախեցնել քաղաքացուն, որոշ դեպքերում հաջողեցին: Բայց ՀՀ քաղաքացին կանգնած է ու պատրաստ վճռական քայլերի: Այս օրերին տարատեսակ մեղադրանքներ են հնչեցնում, որոնց մի մասի հետ համաձայն եմ:


Այսօր մեր քայլերը որոշելու են ՀՀ քաղաքացիները: Դիմում եմ բոլորին. խենթ երիտասարդներից մինչև իմաստուն ավագ սերունդ: Մենք պարտավոր ենք քայլեր իրականացնել խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող: Հակառակ դեպքում կմնանք քչերով, և դա է իշխանության ուզածը: Այսօր դիմում եմ նրանց, ովքեր իրենց պատասխանը գտան Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ու չեկան Բաղրամյան: Ովքեր կարծեցին, թե պայքարը մարում է, նրանց, ովքեր փորձում են ցրել գաղջ մթնոլորտը: Ուզում եմ դիմել այն մտավորականներին, ովքեր կանգնել են մեր կողքին: Այսօր ամբողջ աշխարհն է մեզ հետևում: Եկեղեցին իշխանությանը չէ, ցույց տվեք, որ դուք պահանջատեր ժողովրդի կողքին եք:

Այսօր մենք մարտի դուրս չենք եկել: Շարունակում ենք մեր խաղաղ պայքարը: Անցնում ենք վճռական փուլ: Դիմում ենք իշխանություններին Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները բավարարված չեն: Եվ դրա համար սպասում ենք մինչև երկուշաբթի ժամը 21:00-ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի ուրեմն սկսում ենք մեկ քայլ առաջ բողոքի ակցիան: Եվ երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադները՝ աղբամանները, ամեն նոր օրվա 21:00-ին եթե չենք ստանում պատասխան մեկ քայլ առաջ տանում ենք դեպի Բաղրամյան պողոտա:

Մեր պահանջներն են. չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Պատժել հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:

Մեր ուրախ օրերն առջևում են, Մենք հասնելու ենք մեր նպատակին:

Երկրի տերերը մենք ենք ու ամենակարևորը չենք վաճառվում: ՀՀ քաղաքացիներ որոշումը մերն է»,- ասաց նա:
 


13:30

Շարժման համակարգող խումբը երեկոյան կհայտարարի անելիքների մասին. պատրաստվում են մտնել վճռորոշ փուլ

 

Բաղրամյան պողոտայի շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը պողոտայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստվում են սկսել շարժման վճռական փուլը:


«Ձեզ հրավիրել եմ այս ասուլիսին, որ մեր համաքաղաքացիներին տեղեկացնեմ՝ այսօր երեկոյան 21:00-ին հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը հետագա քայլերի մասին: Որոշումը կներկայացնենք ժողովրդին և հավանությունը ստանալուց հետո կանցնենք վճռական քայլերի»,- ասաց նա:


Հարցին, թե ինչ վճռական քայլերի մասին է խոսքը, Դավիթ Սանասարյանն ասաց, որ որևէ բան չի կարող ներկա պահին ասել, ամեն ինչ հայտնի կլինի երեկոյան:


Դիտարկմանը, թե քիչ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ իրենց տեղեկություն ունեն, որ ակցիան ղեկավարողները սադրանքներ են նախապատրաստում, Դավիթ Սանասարյանն արձագանքեց. «Չգիտեմ ոստիկանությունն ինչ է լսել, բայց, բնականաբար, նրանք էլ ենթադրում են, որ այսպես շարունակել չի կարելի, ինչ-որ քայլերի մենք պետք է գնանք»:


Դավիթ Սանասարյանը նշեց, որ երեկոյան ակտիվիստների կողմից կհնչեն ելույթներ ու որոշում կկայացվի ժողովրդի համաձայնությամբ:

 


13:05

Իրենց շարժման ղեկավարներ համարող մի քանի ակտիվիստներ որոշել են սադրանքներ հրահրել. Ա. Ահարոնյանը հստակ տեղեկություն ունի
 

Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս պողոտայում ներկա ակտիվիստներին տեղեկացրեց, որ ունեն հստակ ինֆորմացիա այն մասին, որ երեկ գիշերը ժամը 2-ին իրենց շարժման ղեկավարներ համարող մի քանի ակտիվիստներ որոշել են սադրանքներ կազմակերպել, որպեսզի ակցիան չմարի:
 

«Որոշել են աղբամաններից բացի վրաններ տեղադրել, սադրանքներ իրականացնել ոստիկանների նկատմամբ, փակել փողոցներ, մոտեցնել աղբամանները ոստիկաններին: Նրանք ձեզ հայտնի մարդիկ են, բայց դեռ անուններ չենք տալիս, շուտով այս որոշումների մասին ինքներդ կլսեք»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
 

Նա ակտիվիստներին զգոն լինելու կոչ արեց ու հորդորեց թույլ չտալ, որ իրավիճակ փոխվի:


«Հավաքի մասնակիցներն ասում են՝ չունեն կազմակերպիչներ, բայց մի քանի հոգի որոշել են ստանձնել այդ դերը ու իրենց համար մեկ է հավաքվածների կարծիքը: Իրենք անելու են ամեն ինչ, որ իրենց ուզածով ընթանա հավաքը: Իրենք այսօր կգան, կփորձեն մաս-մաս ներկայացնել իրենց որոշումները՝ ամեն ինչ արվելու է, որ լարում լինի ոստիկանության և ակտիվիստների միջև»,- ասաց նա:
 

Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ ժողովրդի նկատմամբ ուժ չի կիրառվելու, եթե չհայտնվի անկառավարելի ամբոխ:


11:27

Բաղրամյան պողոտայում քաղաքացիները հավաքվել են մայթին՝ ցույց տալու, որ ոտիկանությունն է փակել ճանապարհը

 

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մայթ էին բարձրացել  ու ցույց տալու, որ ոչ թե իրենց են խոչընդոտում պողոտայի երթևեկությանը, այլ ոստիկանությունը:


«Ոստիկանությունը իրականում ոչինչ չի անում փողոցը բացելու համար ու հայտարարում՝ իբր մենք չենք թույլ տալիս: Մենք մեր անվտանգության համար ենք բարիկադներ կառուցել, քանի որ գիտենք՝ հանուն թանկարժեք աղբամանների մեզ վրա ջուր չեն պահի»,- ասաց նա:
 

Մեկ այլ ակտիվիստ էլ նշեց, որ եթե ոստիկանությունը չփակեր ճանապարհը իրենք չէին լինի այն հատվածում, որտեղ գտնվում են. «Մենք հիմա բոլորով կլինեինք նախագահական նստավայրի դիմաց, սա ևս ապացուցում է, որ փողոցը իրենք են փակել»:

 


10։26

Առավոտյան Բաղրամյան պողոտայում քաղաքացին դժգոհում էր, որ չի կարողանում մեքենայով բակ մտնել


Բաղրամյան պողոտայում այսօր առավոտյան մի քանի տասնյակ մարդ էր գիշերել: Արթնանալուն պես նրանք սկսեցին ավլել ու հավաքել փողոցը: Այս պահին արդեն պողոտայում մնացել են հաշված թվով մարդիկ, մյուսները ժամանակավորապես գնացել են
իրենց գործերով:


Նշենք, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան մոտեցավ մի քաղաքացի՝ դժգոհելով, որ չի կարողանում մեքենայով մտնել իր տան բակ կամ դուրս գալ այնտեղից:


Վալերի Օսիպյանն էլ հորդորեց պողոտան փակած երիտասարդներին բացել փողոցը և չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին:


Ի պատասխան, ակտիվիստներն ասացին, որ իրականում ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մեքենայով անցնել, իրենք թույլ են տալիս:


«Ես բան չունեմ ասելու, դուք ճիշտ եք, ես էլ եմ կողմնակից, բայց մեզ համար շատ դժվար է, չենք կարողանում բակ մտնել»,- ասաց նա և շարունակեց զրուցել ակտիվիստների հետ:
 

Վալերի Օսիպյանը ակտիվստներին ևս մեկ անգամ հորդորեց ապամոնտաժել աղբամաններից կառուցված բարիկադները և բացել փողոցը: