Պանաման հրաժարվել է «Միսս Տիեզերքին» մասնակցությունից՝ Դոնալդ Թրամփի արտահայտությունների պատճառով
Պանաման հայտարարել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացնելու իրավունք ունեցող Դոնալդ Թրամփի կողմից արված սկանդալային հայտարարությունների պատճառով չի ուղարկելու իր ներկայացուցչին այդ մրցույթին, գրում է La Estrella de Panama պարբերականը։
Պանամայում այն հեռուստաընկերությունը, որը տարիներ շարունակ հեռարձակել է «Միսս Տիեզերք» մրցույթը, ըստ պարբերականի, հրաժարվել է հեռարձակել այս տարվա մրցույթը։
Ավելի վաղ նմանատիպ որոշում է ընդունել նաև Մեքսիկան՝ հայտնելով, որ Թրամփի հայտարարություններն անընդունելի են և վիրավորական։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2016-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ կապակցությամբ իր ելույթի ժամանակ նա շատերի համար կոպիտ արտահայտություններ է արել՝ ասելով՝ «ներգաղթյալներն իրենց հետ ԱՄՆ են բերում թմրանյութեր և հանցագործություններ, իսկ ԱՄՆ-ն առանց այդ էլ շատ խնդիրներ ունի»։
Շատերը Թրամփին քննադատել են ներգաղթյալներին ընդհանրացնելով նրանց մասին կարծրատիպեր տարածելու համար, իսկ շատերն անվանել «ռասիստ»։










