Վրաստանի քաղաքացիները բողոքում են թուրք սահմանապահների կոպիտ պահվածքից
Լուսանկարը՝ xn--j1aidcn.org-ի
Վրաստանի քաղաքացի Թենգիզ Խալվաշին հայտնել է թուրք սահմանապահների կողմից իրեն հասցված ֆիզիկական բռնության մասին, որը տեղի է ունեցել թուրք-վրացական սահմանի Սարպի անցակետում։ Իր ցուցմունքները քաղաքացին տվել է վրացական ոստիկանությանը, գրում է apsny.ge-ն։
«Երբ ես անձնագիրս տվեցի սահմանապահին, զանգահարեց հեռախոսս։ Ես խոսում էի հեռախոսով, իսկ նա ստուգում էր տվյալները։ Նա բարկացավ այն փաստից, որ ես խոսում եմ։ Ձեռքիցս խլեց հեռախոսը և իմ իսկ հեռախոսով հարվածեց գլխիս։ Ես դիմել եմ թուրք իրավապահներին, սակայն չգիտեմ՝ ինչ են անելու։ Ես հայտնել եմ նաև Սարպիում մեր անցակետին, նրանք կանչել են Գոնիոյի ոստիկաններին, ովքեր էլ ինձ տեղափոխել են ոստիկանություն»,- նշել է Խալվաշին։
Կայքը նշում է, որ սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Վրաստանի քաղաքացիները հրապարակայնորեն հայտնում են թուրք սահմանապահների կողմից ֆիզիկական բռնությունների մասին։ Հունիսի 30-ին այդ մասին հայտնել էր Վրաստանի քաղաքացի Թեմուր Աբաշիձեն։
Առաջին միջադեպից հետո Բաթումում Թուրքիայի հյուպատոսությունում հայտնել էին, որ Աբաշիձեի գործը կուսումնասիրվի։ Արդյունքներ դեռևս չկան։










