Իրաքի ԶՈՒ-ն սկսել է ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողությունը

11:30 • 07.07.15

Իրաքի բանակը ժողովրդական աշխարհազորային ուժերի հետ սկսել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններից երկրի արևմուտքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողությունը: Այդ մասին հուլիսի 7-ին հայտնել է Իրանի հեռուստատեսությունը, հաղորդում է ТАСС-ը:

 

Արդեն հաջողվել է հսկողության տակ վերցնել երկրի մայրաքաղաք Բաղդադից 69 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Ֆալուջայի շրջակա տարածքները և այդկերպ ապահովել քաղաքի ամբողջական արգելափակումը: «Հըզբոլլահ» շիա կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ իրենց հաջողվել է ահաբեկիչներին կտրել մատակարարման ուղիներից:

 

Անբար շրջանը մնում է Իրաքի կառավարական զորքի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև մարտերի գլխավոր դաշտը: Շրջանի երկու գլխավոր քաղաքները՝ դրա վարչական կենտրոն Ռամադին և Էլ-Ֆալուջան, գտնվում են գրոհայինների հսկողության տակ, բայց փաստացիորեն ամբողջությամբ շրջապատված են բանակային ստորաբաժանումներով և մշտապես ենթարկվում են օդից ռմբակոծության: