Մոլդովան պատրաստ է օգնել Մերձդնեստրում տեղակայված ռուս զինվորականների մատակարարման հարցում. Коммерсантъ
Մոլդովան պատրաստ է օգնել Մերձդնեստրում տեղակայված ռուս զինվորականների մատակարարման հարցում, իսկ բարդություններից խուսափելու համար հարկավոր է առավել ճշգրտված ռոտացիոն մեխանիզմ: Այդ մասին հայտարարել է վերաինտերգրման հարցերով Մոլդովայի փոխվարչապետ Վիկտոր Օսիպովը, գրում է Коммерсантъ-ը։
Ուկրաինան հունիսի սկզբին չեղարկել է Ռուսաստանի հետ մի շարք ռազմական համաձայնագրեր, այդ թվում՝ Մերձդնեստրում գտնվող ռուս զինվորականների տարանցումն ուկրաինական տարածքով։
Օսիպովը հայտնել է, որ հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: «Մենք շփվել ենք այդ հարցի վերաբերյալ: Չի եղել ակնկալիք, որ առաջին հանդիպումից հետո մենք հանդես կգանք լուծումներով: Բայց Մոսկվա իմ այցից հետո մենք նոր նամակ ենք ստացել խաղաղապահների ռոտացիայի մասին, այնտեղ երեք զինվորական կժամանի»,- ասել է Օսիպովը։
«Եթե մենք ցանկանում ենք հանդարտեցնել ռուս զինվորների հետ կապված իրավիճակը, ապա իհարկե ավելի հեշտ է սկսել խաղաղապահներից: Հարկավոր է ռոտացիայի ավելի ճշգրտված մեխանիզմ: Եվ այդ ժամանակ խնդիրներ չեն լինի»,- ասել է նա:










