Այնուամենայնիվ համայնքների խոշորացումը տեղի է ունենալու. Արմեն Երիցյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին։ Մասնավորապես դիտարկմանը, թե մարդկանց զգալի մասը դեմ է դրան, նախարարը նախ նշեց, որ «փոքրիկ հատվածն» է դեմ, ապա վստահեցրեց, որ այնուամենայնիվ խոշորացումը տեղի է ունենալու։
«Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք»,-ասաց նա։
Մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ նա նշեց. «Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են, ամեն ինչ կմնա տեղում: Իսկ տրանսպորտի ուղղությամբ աշխատանքներ կտարվեն»։
Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհին սողանքային վտանգին և ճանապարհի կիսով չափ փակ լինելուն, Արմեն Երիցյանն ասաց.«Մենք խոսել ենք իմ վրաց գործընկերոջ հետ, այսօր մի պահ փակվել էր ճանապարհը, եղել էր սողանք, բայց արդեն բացվել է։ Ընդհանուր առմամբ դրանք անձրևի հետևանքներն են, անձրևները շատ են, մեզ մոտ էլ երկրի 5-6 տոկոսը մեր սողանքային է, նույնն էլ այնտեղ։ Իրենք աշխատում են բացել, սակայն երբ հորդառատ անձրևներ են լինում փակվում է ճանապարհը»:










