Հունական բանկերը փակ կմնան մինչև երկուշաբթի

18:04 • 08.07.15

Հունաստանում բանկերը փակ կմնան մինչև երկուշաբթի, գրում է ria.ru-ն՝ հղում անելով հունական Kathimerini թերթին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հունական կառավարությունը կհրահանգի երկարացնել բանկային «արձակուրդները», որոնք ավարտվում էին չորեքշաբթի օրը, ևս մի քանի օրով:

Հունաստանում հունիսի 29-ից վեց աշխատանքային օրով փակվել են բոլոր բանկերը ֆինանսական համակարգը փլուզումից փրկելու համար՝ հաշվի առնելով միջազգային վարկատուների հետ համաձայնագրի մասին հանրաքվեի հայտարարումից հետո հաշիվներից գումարները հանելու շուրջ ստեղծված աժիոտաժը: Երկուշաբթի օրը բանկային «արձակուրդները» երկարացվել են ևս երեք օրով: