Գազալցակայանի աշխատակիցները չափից ավելի շատ են գազը լիցքավորում. Արմեն Երիցյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին խնդրեցին անդրադառնալ գազալցակայանների հետ կապված շարունակական կրկնվող խնդիրներին։
«Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք, սակայն այնպես չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ամեն օր լինի այդ գազալցակայաններում։ Իհարկե մենք թույլտվությունները տալիս ենք, այնտեղ գնում ստուգումներ են անում, սակայն եթե ավել են լիցքավորում, կամ գազի բալոնը անորակ է լինում, դրա համար էլ պայթյուն է լինում»,- ասաց նա և նկատեց, որ ՀՀ մեքենաների 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին՝ գազով են աշխատում, դրա համար խնդիրները գազի հետ կապված ավելի շատ են լինում։
Հարցին, թե խնդիրները ում բացթողման արդյունքն է, ասաց.«Ես գտնում եմ, որ գազալցակայանի աշխատակիցները չափից ավելի շատ են լիցքավորում, որ իրենց մոտ գնան, քանի որ գազալցակայանների թիվը շատացել է»։ Նա ասաց, որ ուսումնասիրություններ արվել են, արվում են և գազալցակայանները պատժվել են, աշխատանքները շարունակվում են։
Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ որոշ տեղեկությունների գազալցակայաններ ունեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, ասաց. «Մենք բոլոր գազալցակայանները ստուգում ենք, չկա այնպիսի գազալցակայան, որ չստուգենք, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի։ Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, ես չգիտեմ և ինձ չի հետաքրքրում»։










