ՀԾԿՀ-ի որոշումը բողոքարկելու մասին որոշում ՀԷՑ-ում չկա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ընկերությանը տուգանելու մասին քննարկմանը ներկայացրել է առաջադրված բոլոր 11 կետերի համար հակափաստարկներ ու պարզաբանում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը:
«Պարզաբանումները հանձնաժողովը հիմնավոր չի համարել, բացառությամբ երեկ կետերի, որոնց դեպքում ՀԷՑ-ն արդեն սպառման համակարգը միացրել է ցանցին»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է,որ ՀԷՑ-ը որոշումը համապատասխան ընթացակարգով բողոքարկի, Նատալիա Սարջանյանը պատասխանեց, որ այս պահին նման որոշում չկա:
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությանը այս քննարկմանը, ի տարբերություն նախորդների, ապա մամուլի խոսնակն ասաց, որ նախորդ անգամ ներկա գտնվելու անհրաժեշտություն չի տեսել, ի տարբերություն այսօրվա նիստի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նիստի օրակարգում ներառված յուրաքանչյուր կետի համար ՀԷՑ-ը տուգանվել է 5 մլն-ական դրամով:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ ՀԷՑ-ը կտուգանվի 75 մլն դրամով:










