ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԱԺ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ կապերից՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության և փոխվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները և փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների և համագործակցության խորացմանը:
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:










