Իսրայելի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

23:37 • 08.07.15

Քնեսեթի` Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթայնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

The Jerusalem Post-ի փոխանցմամբ` Էդելշթայնը նման կոչով հանդես է եկել Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի հետ հանդիպմանը:

Աղբյուրի փոխանցմամբ` Իսրայելի խորհրդարանի խոսնակն ասել է, որ Հայաստանում ինքն այցելել է հուշահամալիրներ և դրանից հետո շատ բարդ է արհամարհել այն, ինչ ինքը տեսել է այնտեղ:

«Ես ակնկալում եմ, որ ինքս ու Քնեսեթը մեզ համապատասխանաբար դրսևորենք, որ կարողանանք ժողովրդավար երկրի բարոյական ստանդարտներին համապատասխան որոշումներ կայացնել»,-ասել է նա։

Նա բացատրել է նաև, որ շատ կառավարություններ չեն ճանաչում հայերի դեմ այդ վայրագությունը, այնինչ նույն երկրների խորհրդարանները ճանաչում են:

«Ես կփորձեմ առաջ տանել հարցը և հուսով եմ՝ Քնեսեթի անդամները կգիտենան` ինչպես ճիշտ քվեարկել, երբ հասնի ճշմարտության պահը», - ասել է Էդելշթայնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Իսրայելի Քնեսեթը իր պատվիրակությունն էր ուղարկել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Սակայն, մյուս կողմից, Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը` հույս ունենալով, որ այդ կերպ կարող է շտկել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, որը գործել է ցեղասպանությունը: Աղբյուրը մատնանշում է այս հարցում նաև Ադրբեջանի գործոնը:

Միևնույն ժամանակ հանձնաժողովի ղեկավար Յաացով Մարգին ասել է, թե իրենք տեղյակ են Հայոց ցեղասպանության հարցում «դիվանագիտական նրբին կողմերից», սակայն հաղթահարել են դրանք, և Իսրայելի կառավարության համար էլ եկել է նույն կերպ վարվելու ժամանակը:

Մարգին իր հերթին կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Քնեսեթին` պատմական որոշում կայացնել` պահպանելով հրեական արժեքները: