ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Ուկրաինայում կործանված ինքնաթիռի գործով տրիբունալ ստեղծելուն

10:16 • 08.07.15

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը դեմ է արտահայտվել անցած
տարվա հուլիսին Ուկրաինայի օդային տարածքում կործանված «Բոինգ 777» մալայզիական ինքնաթիռի գործով տրիբունալի ստեղծմանը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովն ասել է, որ օդանավի կործանման մեղավորներին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով տրիբունալի ստեղծմանն իրենք դեմ են մի քանի պատճառով: Պաշտոնյան հավելել է, որ ավիավթարի մանրամասների հետաքննությունը դեռևս շարունակվում է, և դեռևս վերջնական եզրակացություններ արված չեն:

 

Գատիլովի կարծիքով՝ տիբունալի ստեղծումը բարդ և ժամանակատար գործընթաց է, ինչը պահանջում է զգալի ֆինանսավորում: Նա նաև անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տրիբունալի ստեղծման վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունմանը` նկատելով, որ դա կլինի հակաարդյունավետ որոշում:

 

Հիշեցնենք, որ Ամստերդամից Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռում եղել է 298 մարդ, սակայն ոչ ոք ողջ չի մնացել: