Զբոսաշրջիկ, բիզնես ծրագիր, թե քրիստոնեական քաղաքակրթությամբ հետաքրքրվող. Ինչո՞ւ է ռուս գործարար Գերման Ստերլիգովը ԼՂՀ-ում
Ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում է որպես զբոսաշրջիկ. այս մասին Tert.am-ին ասացին Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից, որ նա իր այցը գրանցել է զբոսաշրջիկների հյուպատոսական բաժնում և այլ տեղեկություն հայտնել չեն կարող:
Նշենք, մի քանի օր է մամուլում մեծ արձագանք է գտել ռուս բիզնեսմենի այցը, ում արդեն Ադրբեջանը հասցրել է ներառել ԼՂՀ այցելածների «սև ցուցակում»:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նա այս պահին ոչ մի տնտեսական գործունեություն չի կատարում Արցախում:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե չի կարծում, թե նախկին հաջողակ բիզնեսմենը որոշակի անհաջողություններից հետո նոր բիզնես ծրագիր է ուզում սկսել Արցախում: Նա ենթադրում է, որ այցը քրիստոնեական արմատներին վերադառնալու հետ է կապված:
«Ես այդ քայլի մեջ բիզնես ծրագիր չեմ տեսնում, որովհետև եթե բիզնեսի նպատակով լիներ այցը, կգնար Կամչատկա, կամ չգիտեմ Արխանգելսկ, կարծում եմ այցը զուտ մշակութային է»,- ասաց նա:
«Նա տեսնում է, թե ինչ դաժան կռիվ է այսօր տեղի ունենում քրիստոնեության համար պայքարում արդեն 100 տարուց ավելի է, և քանի որ ինքը վերադարձել է քրիստոնեական հավատքի, դա միայն դրանով կարող է պայմանավորված լինել, զուտ անձնական հումանիստական վերափոխումներով պայմանավորված»,- ասաց նա:
Իսկ թե ինչու է եկել հենց Արցախ և ոչ Ռուսաստանի ինչ-որ գյուղ, նշեց, որ քրիստոնեության կռիվը թուրքական քաղաքակրթության մշակույթի դեմ առաջնահերթ ընդգծված է Արցախում:
Նշենք, որ Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարարը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտարարել է, որ ասուլիս է հրավիրելու Շուշիում: «Այսօր եմ իջել լեռներից, մտա ինտերնետ ու ապշեցի»,- գրել էր նա և հայտարարել, որ մամուլի ասուլիս է հրավիրում առաջիկա երկուշաբթի օրը: «Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ, հին հայկական Շուշի քաղաք: Կեսօրին»,- տեղեկացրել է Ստերլիգովը:
Նա կոչ է արել լրագրողներին գալ Շուշի ու իմանալ ճշմարտությունը:










