Թուրքմենստանը «Գազպրոմ»-ին անվճարունակ է հայտարարել
«Գազպրոմ»-ն անվճարունակ է դարձել Թուրքմենստանից գազի գնման-վաճառքի իր պայմանագրերով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Թուրքմենստանի կառավարական պորտալը, գրում է korrespondent.net-ը:
«Ռուսական Գազպրոմ ԲԲԸ ընկերությունը անվճարունակ է դարձել բնական գազի գնման-վաճառքի իր պայմանագրերով շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի և արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ: Գազպրոմ ԲԲԸ-ն 2015 թվականի սկզբից չի վճարում Թուրքմենգազ պետական կորպորացիայի առաջ իր պարտքերը թուրքմենական բնական գազի մատակարարված ծավալների համար»,- ասված է հաղորդագրությունում:
2003 թվականին Ռուսաստանը և Թուրքմենստանը ստորագրել են համաձայնագիր գազի ոլորտում 25 տարվա ժամկետով համագործակցության մասին: Համաձայնագրի շրջանակներում «Գազպրոմ էքսպորտը» և «Թուրքմեննեֆտեգազ»-ը կնքել են թուրքմենական բնական գազի գնման-վաճառքի երկարաժամկետ պայմանագիր: Պայմանագիրը ենթադրում էր Ռուսաստան տարեկան մինչև 70-80 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում «Միջին Ասիա-Կենտրոն», իսկ այնուհետև «Արևելք-Արևմուտք» գազամուղով:










