ՀՀ-ի 80%-ը անապատացման վտանգի ենթակա տարածքներ են, 28%-ը՝ խիստ անապատացող. մասնագետ
Աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը նկատել է, որ երկու շաբաթ տևող բարձր ջերմաստիճանի հետ կապված հասարակության մեջ զգացվում է իրարանցում, երբ ցերեկային ժամերին +35-ից ավելի ջերմաստիճան է գրանցվում։ Նա, սակայն, հավատացնում է՝ կլիմայական նման պայմանները տեղավորվում է հուլիսյան ջերմաստիճանի տրամաբանության մեջ: Հղում անելով հիդրոծառայության ցուցանիշերը՝ նա նշեց, որ դեռևս +39 ջերմաստիճանից ավելի չի արձանագրվել:
«Տիպիկ Արարատյան դաշտի, Երևանի նորմայի սահմաններում ջերմաստիճաններ են ֆիքսված, այլ է խնդիր, որ կլիմայական փոփոխությունները և չորային պայմանները, երաշտները դարձել են դասական վտանգի առիթ մեր տարածաշրջանի համար: Անապատացման հիմնախնդիրը 3-4 տասնամյակների գլոբալ էկոլոգիական խնդիրներից է և կլիմայի շեղման արդյունքում մեր տարածաշրջանը արտահայտված կրողներից մեկն է»,-ասաց նա:
Աշոտ Խոյեցյանը նկատեց, թե ըստ ՄԱԿ-ի չափանիշերով սահմանված սխեմայի՝ մեր հանրապետության 80% գտնվում է անապատացման վտանգի տարածքներում, որոնցից 27-28%-ը խիստ անապատացող տարածքներ են, որոնք առաջացել են հիմնականում մարդու տնտեսական գործունեության ներազդեցության պատճառով:
Մասնագետի խոսքով՝ անապատավտանգ ՀՀ մարզերից են առաջնահերթ Արարատի, Արմավիրի մարզերը, Սյունիքը, որը թեև մի փոքր բազմազանություն ունի, Մեղրու Կապանի տարածաշրջանները չորային են համարվում, Վայքը:
Ըստ նրա, նման խնդիրներից են՝ անտառային խախտված էկոհամակարգերը, Արարատյան դաշտի աղոտ հողերի խնդիրը, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրը, մասնավորապես Սևանի լճի հիմնախնդիրը, հողերի էրոզիան և այլն:
Հաշվի առնելով ձեռնարկվող քայլերը՝ մասնագետը նշեց, թե կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն, չնայած դրական միտումների փաստեր էլ կան: Ըստ նրա՝ օրինակ՝ Սևանա լճի վիճակը շատ մասնագետներ դրական միտումներ են նկատում, մինչդեռ Արարատյան դաշտի աղակալումը, դեգրադացիան և ջրօգտագործման խնդիրը չափազանց բացասական միտումներ ունեն:
«Այսօր համարյա աղազերծման պրոցես չի կատարվում ի տարբերություն խորհրդային տարիների, երկրորդ աղակալած հողերը մոտավորապես կրկնապատկված ցուցանիշով են»,-ասաց նա:
Ի դեպ, մասնագետը միանշանակ համաձայն չէ այն պնդումների հետ, թե տարին ջրառատ էր: Նա նշեց, որ համեմատած նախորդ տարիների՝ գարնանային առատ տեղումների շնորհիվ լրացվել են ջրամբարները:
«Համապատասխան մասնագետները դրական են գնահատում, բայց որ ասենք խիստ արտահատված ջրառատ է, ոչ, լցրել են հիմնական ոռոգման նշանակություն ունեցող ջրամբարները»,-ասաց նա:










