Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

09:53 • 09.07.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և այնտեղ հանդես եկել ելույթով:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Իր ելույթում Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:


Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության  ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը:

Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:


Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: