Հռոմի պապը դարձել է նոր տեսախաղի հերոս
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մի խումբ երիտասարդ պարագվայցիների «թեթև ձեռքով» դարձել է Papa Mobile կոչվող նոր տեսախաղի հերոս:
Ինչպես նշում է english.alarabiya.net–ը, իրական կյանքում կաթոլիկների հովվապետն իր ճերմակ «պապոմոբիլով» երթևեկելիս պարզապես ժպտում է ու ձեռքով անում: Սակայն նորաստեղծ խաղում Ֆրանցիսկոսն իր մեքենայով հաղթահարում է տարատեսակ արգելքներ ու փախչում իրեն գարեջուր առաջարկող անցորդներից:
Հետաքրքրական է, որ տեսախաղում ներգրավված է նաև Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը, ով էկրանին է հայտնվում ամեն անգամ, երբ պոնտիֆիկոսի մեքենան հարվածում է որևէ արգելքի: Տեսախաղում նախագահը քաջալերում է Ֆրանցիսկոսին` ասելով. «Ոչի’նչ, առա’ջ շարժվիր»:










