Մայրաքաղաքում ոռոգումն իրականացվում է երկհերթ աշխատանքային ժամանակացույցով. քաղաքապետարան

18:14 • 09.07.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդհանուր օգտագործման տարածքներն այս օրերին հնձվում և ոռոգվում են մինչև կեսգիշեր՝ երկհերթ աշխատանքային ժամանակացույցով. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Վերջին տարիներին մայրաքաղաքի ոռոգման համակարգերի երկարությունն ավելանում  է տարեկան ավելի քան 20 կիլոմետրով: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածների ոռոգումը կազմակերպվում է 4 խորքային հորերից մատակարարվող ստորգետնյա ջրերով:


Կանաչապատ տարածքներում հրդեհների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների  և ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցների ուժերով հերերթապահություն է սահմանվել:


Հարկ է նշել, որ չոր խոտը ևս հեռացվում է միայն հնձելուց հետո, քանի որ, ինչպես բնապահպանական տեսակետից, այնպես էլ՝ շոգ եղանակով պայմանավորված, խոտն այրելն արգելվում է:  Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների  սեփականատերերը, վարձակալները:  Հրդեհների կանխման, առանձին դեպքերում նաև կրակի մեկուսացման աշխատանքներում  Երևանի քաղաքապետարանին նյութատեխնիկական միջոցներով և մարդկանցով օժանդակում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը: