«Ոչ թալանին» պայքարը ձևափոխում են՝ դրան շարունակություն տալու համար. Բ.Նավասարդյան
Այն, որ Ազատության հրապարակում երեկվա հանրահավաքին կտրուկ փոխվեցին սոցիալական կարգախոսները քաղաքականով, ունի 2 պատճառ, որոնցից մեկն էլ շարժմանը շարունակություն հաղորդելն է:
Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Որպեսզի բողոքն իր շարունակությունը ստանար, անհրաժեշտ էր ճնշում, այն, ինչ առաջարկվեց «Մեկ քայլ առաջ» կարգախոսով, կամ էլ պիտի փորձեին բովանադակությունը փոխել այդ տրամաբանությամբ, որ եթե իրենց պահանջը չի կատարվում, ապա չկատարողների հասցեին պիտի նաև որոշակի քաղաքական որակումներ լինեին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ երեկ արդեն հայտարարվում էր, որ պետք է սկսել պայքարել ոչ թե հետևանքների, այլ պատճառի՝ ՀՀ իշխանությունների դեմ, առաջարկվեց ստեղծել ավելի խոշոր նախաձեռնություն, որը կտանի արդեն քաղաքական պայքար:
Իսկ նախաձեռնությունը, ըստ այդ առաջարկի, պետք է կրի նոր անուն. ոչ թե «Ոչ թալանին», այլ «Ոչ թալանչիներին»:
Հիշեցնենք նաև, որ նույն հարցի շրջանակներում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեկվա կազմակերպված հանրահավաքը որևէ առնչություն չուներ «Ոչ թալանին » քաղաքացիական նախաձեռնության հետ:
Իսկ երկրորդ հանգամանքը,ըստ Բորիս Նավասարդյանի, նախաձեռնող խմբի կազմի փոփոխությունն էր: Այսինք՝ այս կազմում կան քաղաքականության հետ ավել մեծ առնչություն ունեցող մարդիկ:
ԵՄԱ փորձագետը նկատեց, որ այնուամենայնիվ, որ հոսանքի թանկացման դեմ հասարակության ընդվզումը թեև հիմա շոգերի պատճառով մարում է, սակայն ամեն վայրկյան կարող է բռնկվել նոր թափով:
«Մարդիկ, որքան էլ նվիրված լինեն շարժմանը, այնուամենայնիվ, ունեն արձակուրդների հետ պլաններ, հանգստանալու հետ և նաև շոգի գործոնն իր դերակատարությունն ունի, բայց, էլեկտրաէներգիայի հետ և առհասարակ, սոցիալական բնույթի բազմազան խնդիրները արդեն աշնանը կարող են հիմք ծառայել նոր սոցիալական բողոքի»,- ասաց նա:










