Հունական թերթերը բանկերի փակման պատճառով կրճատել են էջերի քանակը
Հունաստանում մի շարք թերթեր ժամանակավորապես կրճատել են էջերի քանակը՝ թերթի թղթի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, գրում է interfax.ru-ն:
Նման խնդիր է առաջացել երկրում բանկերի աշխատանքի դադարեցման պատճառով. թերթերը չեն կարողանում դրանց միջոցով վճարել մատակարարումների համար:
Այդպես, «Էմպրոս» թերթը հայտնել է, որ իր համար նախատեսված թղթի բեռը մաքսային անցակետում է և մնում է այնտեղ, մինչև չիրականացվի վճարումը: «Մեր մատակարարը չի կարող մեզ համար թուղթ ներմուծել, քանի որ մնացել է մաքսայինում: Նա չի կարող վճարել արտասահմանյան ընկերությունների ծառայությունների համար, քանի որ բանկերի միջոցով դրամական փոխանցումներն արգելափակված են»,- նշում է թերթը:
Իր հերթին՝ նույն խնդրին է բախվել նաև խոշոր «Նեա» թերթը: «Թերթի համարում, որը դուք բռնում եք ձեր ձեռքերում, միայն 32 էջ է: Դա կապված է նրա հետ, որ մենք պետք է տնտեսենք թուղթը. պաշարները սպառվում են: Մի քանի օրից անհնարին կլինի անցկացնել թղթերի բեռը մաքսայինով»,- իր ընթերցողներին դիմելով՝ գրել է թերթը:










