«Ոչ թալանին»-ը չի փոխել իր սոցիալական կարգախոսները քաղաքականով. Մաքսիմ Սարգսյան

17:45 • 10.07.15

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ոչ թալանին» շարժման առաջնորդներից Մաքսիմ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու հուլիսի 9-ին՝ Ազատության հրապարակում կտրուկ քաղաքականացվեց շարժումը:

«Երեկվա կազմակերպված հանրահավաքը որևէ առնչություն չուներ «Ոչ թալանին » քաղաքացիական նախաձեռնության հետ: Մեր պայքարը շարունակվում է մեր բարձրացրած սոցիալական հարցի շրջանակներում: Իսկ այն քաղաքացիները, ովքեր հանրահավաք են արել, բարձրացրել են իրենց հուզող հարցերը՝ այդ թվում՝ հոսանքը, ռեժիմի դեմ պայքարը, այդ հանրահավաքը «Ոչ թալանին»-ի նախաձեռնած հանրահավաքը չէ»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքին բազմիցս հայտարարվեց, որ պետք է սկսել պայքարել պատճառի, ոչ թե հետևանքների դեմ, քանի որ հետևանքների դեմ պայքարն է եղել պատճառը, որ մենք չենք կարողացել ինչպես հարկն է համախմբվել:  

Ավելին՝ առաջարկվեց, որ նախաձեռնությունը կրի նոր անուն. ոչ թե «Ոչ թալանին», այլ  «ոչ թալանչիներին»:

Մաքսիմ Սարգսյանը, համաձայնելով դիտարկման հետ, որ «Ոչ թալանին»-ի հեղինակային իրավունքը իրենց է պատկանում, ուստի ո՞վ կարող է այն փոխել՝ «ոչ թալանչիներին»-ով, ասաց. «Եթե ուզում են հռչակվել որպես «Ոչ թալանչիներին» նախաձեռնություն, իրենց խնդիրն է, բայց «Ոչ թալանին»- ը եղել է, կա ու շարունակելու է իր պայքարը»:

Շաբաթ օրը «Ոչ թալանին» նախաձեռնությունը գնում է Վանաձոր քաղաքացիների ու մասնագետների հետ հանդիպումների համար, իսկ երեքշաբթի՝ հուլիսի 14-ին Երևանի Շառլ Ազնավուր հրապարակում մեկնարկելու է հավաք երթ: