Եթե էլէներգիայի սակագնի մեջ ԱԱՀ-ն իջեցվի, տարբերությունը չնչին է լինելու. Մ. Մելքումյան
Եթե հանկարծ որոշվի և ավելացված արժեքի հարկից որոշ գումար հանվի հոսանքի սակագնից, ապա սակագնում սա չնչին թիվ կկազմի, բայց պետբյուջեն կզրկվի հսկայական գումարներից:
«Ու խոսքը միայն վերջնական սակագնից՝ ՀԷՑ-ի սակագնից ավելացված արժեքի մասին է, այլ ողջ շղթայի, որը այդ դեպքում ամբողջությամբ պետք է ազատեն: Ամեն շղթայում ԱՀՀ է վճարվում. ատոմակայան, հիդրոէլեկտրակայան, ՋԷԿ և այլն: Հիմա այսքան անգամ ատոմակայանից չի գնալու, ՋէԿ-երից չի գնալու, բարձրավոլտից չի գնալու: Հո մենակ ՀԷՑ-ը չէ՞»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Միքայել Մելքումյանը, ով իր սեփական հաշվարկներ ունի:
Նրա հաշվարկով սա կկազմի 150 միլիարդ դրամից ավել:
Իսկ որ նվազում չնչին է լինելու գնից, նա ներկայացրեց հետևյալ թվաբանությամբ:
«Եթե 7 դրամի մեջ 20 տոկոս ԱՀՀ-ն է, դա կկազմի մոտ 3.4 դրամ ՝ 5 կվտ-ի հաշվով, եթե սա բազմապատկում ենք 2,5 միլիարդով, որ Հայաստանում սպառվում է, դա մոտավորապես 7, 5 միլիարդ դրամ է, որ ավել բյուջե է գնում: Հիմա եթե մենք ԱՀՀ 20 տոկոսը դարձնում ենք 18 տոկոս ամբողջ գնից, ապա 49 դրամի 20 տոկոսը մոտավորապես կազմում է 10 դրամ, եթե իջեցնում ես 20 տոկոսը 18 տոկոսի, ապա տալիս է ընդամենը 1 դրամի էֆեկտ: Այսինքն՝ չնչին թիվ է , բայց բյուջեն էլ չի ստանալու»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» հղում անելով իր աղբյուրներին՝տեղեկացրել էր, որ կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ-ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ-ին, այլ պետական բյուջե։ Եթե ԱԱՀ-ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա ոչ թե 7 դրամով, ինչպես որոշել է ՀԾԿՀ-ն, այլ 5.5 դրամով։
Եվս 1-2 դրամ փորձ է արվելու խնայել էներգետիկ ռեժիմների փոփոխության հաշվին և հոկտեմբերին սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3,5-4։ Աղբյուրները պնդում են, որ կառավարությունը նման կոսմետիկ քայլերի է գնում էներգահամակարգը բովանդակային ուսումնասիրությունից զերծ պահելու և տարիներ շարունակ այս համակարգում հաստատված կոռուպցիոն սխեմաները չբացահայտելու նպատակով:
ԲՀԿ-ական պատգամավորն էլ այն կարծիքին է, որ սա այն դեպքն է, ինչ ասում էր հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդությունը,երբ կառավարությունը հայտարարեց, որ կփոխհատուցի բնակչության թանկացումը՝ սկզբում պետբյուջեից, ապա արտաբյուջետային միջոցներից, որ սա անթույլատրելի է, քանի որ էլի ժողովրդի գրպանից է դուրս գալու:
Միքայել Մելքումյանը ձևակերպեց սեփական բանաձևը՝ «մի գրպանից հանում են՝ մյուսը դնում» ու ավելացնում. «Բայց չէ՞ որ բյուջեն դա թոշակ է, նպաստ է, բանակի ֆինանսավորում է և այլն»:










