Կիլիկիո կաթողիկոսարանի 13 աբեղաներ Արամ Ա-ի օրհնությամբ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններն են ստացել

13:38 • 13.07.15

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի օրհնությամբ՝ երեկ մատուցված սուրբ և անմահ պատարագի ընթացքում Կիլիկիո կաթողիկոսության միաբանության 13 աբեղաներ  վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններն են ստացել։


Ինչպես տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսարանի կայքը՝ պատարագի ընթացքում ձեռնադրիչ սրբազանը՝ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը, շարականի երգեցողությամբ առաջնորդնվել է Մայր տաճարի ատյանը, որտեղ  տաճարի լուսարարապետ Տեր Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեճյանի միջնորդությամբ կատարել է աբեղաների հավատքի քննությունը։

 

Քարոզի ընթացքում Սրբազան հայրն անդրադարձել է վարդապետական աստիճանի պաշտոններին և դրանց կարևորությանը։

Ապա իր խոսքն ուղղել է ձեռնադրյալներին՝ ասելով. «Այս ձեռնադրության հիմնական դրդապատճառն ու գլխավոր նպատակն Աստծո խոսքի աներկյուղ քարոզչությունն է, որ այսօրվան Աստծո մարդուց և հոգևարականից է պահանջում։ Մեր հավատացյալ ժողովուրդն աներկյուղ քարոզիչների ակնկալիքն ոււնի, քանի որ այսօրվա աշխարհը դեպի կրոնական շփոթություն և ծայրահեղություն ու մյուս կողմից՝ դեպի մշակույթների միաձուլում գահավիժող աշխարհ է, և այս իրարանցման մեջ քրիստոնյա ժողովուրդներն ու քրիստոնեական եկեղեցին տագնապի է մատնվում»։