Տուսկի այցը Վրաստան չեղյալ է հայտարարվել՝ Հունաստանի հարցով բանակցությունների պատճառով. ԶԼՄ-ներ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Վրաստան, որը պետք է սկսվեր երեքշաբթի օրը, չեղյալ է հայտարարվել Հունաստանի հարցով բանակցությունների պատճառով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Տուսկը պետք է ժամաներ Վրաստան երկօրյա այցով նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով: Նախատեսվում էր երկրի վարչապետի և նախագահի, ինչպես նաև պատգամավորների և խորհրդարանի նախագահի հետ հանդիպումներ: Տուսկը նաև պետք է այցելեր Վրաստանի սահման և Հարավային Օսեթիա:
«Այցը չեղյալ է հայտարարվել Հունաստանում իրավիճակի կապակցությամբ բանակցությունների պատճառով»,- հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պաշտոնյայի մամուլի ծառայությանը:
Վրաստանի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ դեռ չի ստացել այցը չեղյալ հայտարարելու մասին գրավոր հաստատում:
«Սակայն արտաքին այցերի հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Պխալաձեի տվյալներով, որոնք հիմնվում են բանավոր տեղեկատվության վրա, խոսքը որոշակի ժամկետով այցը հետաձգելու մասին է: Այս պահին հստակեցվում են մանրամասները»,- նշված է Վրաստանի նախագահի գրասենյակի հայտարարությունում:










