Բրիտանուհին փոխել է անունը իր Facebook-ը վերականգնելու համար
Լոնդոնի բնակչուհի Ջեմա Ռոջերսը փոխել է իր անունը, որպեսզի վերականգնի իր էջը Facebook-ում, գրում է gazeta.ru-ն: Այժմ 30-ամյա բրիտանուհու անունը Ջեմարոիդ ֆոն Լաալաա է:
Ռոջերսը Facebook-ի իր էջը բացել էր 2008 թվականին: Նա նշել էր ոչ թե իր իրական անունը, այլ մականունը, քանի որ չէր ցանկացել ընկերանալ իր որոշ ընկերների և այլ անծանոթների հետ:
Հունիսին բրիտանուհին Facebook-ից նամակ է ստացել, որտեղ նրան խնդրել են ապացույց ուղարկել, որ նրա անունն ու էջն իրական են: Ռոջերսի խոսքերով՝ նա վախեցել է, որ իր էջը կարգելափակվի, այդ պատճառով փորձել է խմբագրել իր բանկի քարտերի նկարները և նշել այնտեղ ֆոն Լաալաա անունը: Հաջորդ օրը Ռոջերսի էջն արգելափակվել է:
Այդ ժամանակ բրիտանուհին նամակ է գրել Facebook-ին, որտեղ բացատրել է իր գործողություններն ու իր իսկական փաստաթղթի նկարներն է կցել՝ խնդրելով ընկերությանը վերականգնել իր էջը: Ի պատասխան Ռոջերսին հայտնել էր, որ հնարավոր չի եղել հաստատել նրա ինքնությունը:
Այդ ժամանակ բրիտանուհին պաշտոնապես փոխել է իր անունը և նոր փաստաթղթեր է ուղարկել Facebook-ին: Մինչ այժմ, սակայն, ֆոն Լաալաան չի կարող մտնել իր էջ: «Ես կորցրել եմ իմ բոլոր լուսանկարները, հաղորդագրությունները և թանկարժեք հիշողությունները»,- ասել է նա:
Առայժմ բրիտանուհին միայն ավտոմատ պատասխաններ է ստացել Facebook-ից, որտեղ ասվում է, որ իր խնդիրն ուսումնասիրում են:










