Նյու Յորքի իշխանությունները մոտ 6 միլիոն դոլար կվճարեն ոստիկանության կողմից սպանված սևամորթի ընտանիքին
Նյու Յորքի իշխանությունները համաձայնության են հասել անցած տարվա հուլիսին Ստեյտեն Այլենդում ոստիկանության աշխատակցի կողմից սպանված աֆրոամերիկացի Էրիկ Գարների ընտանիքի հետ: Այդ մասին հայտնել է Գարների ընտանիքի փաստաբանը, գրում է korrespondent.net-ը:
Մահացածի ընտանիքը կստանա 5,9 միլիոն դոլարի չափով փոխհատուցում:
Էրիկ Գարները մահացել է 2014 թվականի հուլիսի 17-ին Ստեյտեն Այլենդում Ռիչմոնդ համալսարանի բժշկական կենտրոնում: Ավելի վաղ Գարներին, ով կանգնած է եղել փողոցում, մոտեցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Բազմիցս փոքր հանցագործությունների համար դատապարտված Գարներին նրանք կասկածել են ծխախոտի անօրինական վաճառքի մեջ:
Բերման ենթարկվելիս նա դիմադրություն է ցույց տվել, և ոստիկան Դենիել Պանտալեոն նրան բռնելով վզից, գցել է գետնին և այդպես պահել մի քանի րոպե: Նրանք շտապօգնություն են կանչել միայն այն ժամանակ, երբ Գարները, ով տառապում էր ասթմայով և ճարպակալմամբ, սկսել է նկատելիորեն իրեն վատ զգալ:










