Մեքսիկան $4 միլիոն է խոստանում բանտից փախած նարկոբարոնի մասին տեղեկության համար

09:49 • 14.07.15

Մեքսիկայի իշխանությունները պատրաստ են մոտ 4 միլիոն դոլար վճարել տեղեկության համար, որը կարող է բերել բանտից փախած «Էլ Չապո» մականունով նարկոբարոն Խոակին Գուսմանի հայտնաբերմանը:


Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Արելի Գոմեսը ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


«Քանի որ խոսքը մարդու մասին է, ով կարողացել է երկու անգամ փախչել պատժից և վտանգ է ներկայացնում հասարակական անվտանգությանը, գլխավոր դատախազությունը հայտարարում է մինչև 60 միլիոն պեսոյի չափով պարգևատրում այն մարդուն, ով կտրամադրի արժեքավոր, ճշմարիտ և ճիշտ ժամանակին հաղորդված տեղեկություն, որը կօգնի պարզել Խոակին Գուսմանի գտնվելու վայրը և ձերբակալել նրան»,- հայտնել է Գոմեսը:


Ավելի վաղ Մեքսիկայի դատախազությունը ձերբակալել էր «Ալտիպլանո» խիստ հսկողության ռեժիմի բանտի մի քանի տասնյակ աշխատակցի: Նրանք բոլորը հարցաքննվել են: Շուտով նրանց դեմ կընտրվի խափանման միջոց: