Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում. Էներգետիկայի նախարարություն
Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից։
«Հայտարարվել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը կվճարվեն հունիսի 15-ին: Սակայն աշխատակիցների կողմից կան բողոքներ՝ կապված հաշվարկների հետ: Առաջիկա օրերին վերջնական ստուգումներ կարվեն, կկայացվեն համապատասխան որոշումներ և աշխատավարձերը կվճարվեն, ինչպես որ խոստացվել էր: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում»,- ասված է պարզաբանման մեջ:
Նաիրիտցիներն այսօր փակել էին Բագրատունյաց փողոցը և պահանջում էին վճարել իրենց աշխատավարձը, ինչպես խոստացվել էր կառավարության կողմից: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գործարանի աշխատակիցներին հայտնել էր, որ նրանց աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն մինչև հուլիսի 15-ը:
Նրանք, սակայն, փակել էին Բագրատունյաց փողոցը՝ նշելով, որ տեղեկություններ ունեն, թե իրենց աշխատավարձերը հուլիսի 15-ին չեն մարվելու:










