Տուրիստ է եկել, որևէ վտանգ չեմ տեսնում. Վ. Բադասյանը՝ Ստերլիգովի Ղարաբաղում գտնվելու մասին
Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովի Ղարաբաղում հաստատվելուն Ղարաբաղում նորմալ են վերաբերվում: «Մանավանդ , եթե Ադրբեջանը դրան խեթ է նայում, Ղարաբաղում էլ նայեն, ճիշտ չի լինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ով , ասաց, որ անձամբ Ստերլիգովի հարցում անտարբեր է:
«Գերմանին Ադրբեջանում վատ են ընդունել` ընդգրկելով սև ցուցակ, հայհոյանքներ և այլն.. եթե մեր թշնամիները վատ են ընդունում Գերմանի այստեղ գտնվելը, ապա վատ ընդունենք նաև մենք, կարծում եմ` ինչ-որ մի բան ճիշտ չի լինի,- ասաց նա, ապա հավելեց,- որևէ մտահոգություն չկա նրա այստեղ գտնվելու առնչությամբ: Եվ իսկապես, ի՞նչ մտահոգություն պետք է լինի, նախ, տուրիստ է եկել, որևէ վտանգ չեմ տեսնում, եթե նույնիսկ ռուսական հատուկ ծառայությունները նրան ուղարկած լինեն, Գերմանը չլինի, տասնյակները լինեն ոչ մի բան չեն կարող անել»:
Հիշեցնենք, որ երեկ Շուշիում հրավիրված ասուլիսին Գերման Ստերլիգովը, հայտարարելով, որ հետապնդումների է ենթարկվում Ռուսաստանում, հայտնել էր, թե Բելառուսում իր ընտրությունը կանգ է առել Ղարաբաղի վրա ու ցույց տալով դեպի Ռուսաստան իր ավիատոմսը և ասել, որ հինգշաբթի օրը մտադիր է Ռուսաստան մեկնել, իսկ ընտանիքին թողնել Արցախում, որպեսզի ոչ ոք չկարծի, թե խուսափում է իրավապահներից:
Ինչ վերաբերում է նրան, որ Ստերլիգովը ՌԴ-ում քրեորեն հետապնդվում է, ապա Վահան Բադասյանը նշեց, որ կան միջազգային օրենքներ ու մյուս կողմից էլ Ստերլիգովը պաշտոնապես չի դիմել Ղարաբաղի իշխանություններին, և գրանցվել է որպես զբոսաշրջիկ:
ԼՂ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը հաստատեց Բադասյանի տեղեկությունը, որ նա Ղարաբաղում գրանցված է որպես զբոսաշրջիկ:
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն էլ նկատեց, որ Ղարաբաղում Ստերլիգովի բնակությանը նորմալ են վերաբերվում: «Երևի ինչ-որ մեկին ուրախացնում է, ինչ-որ մեկը անտարբեր է, առանձնապես հետաքրքրություն չկա»,- Tert.am-ին ասաց Գեղամ Բաղդասարյանը:










