Թեղուտի հանքավայրը շահագործվում է խախտումերով. բնապահպաններ
Թեղուտի հանքավայրը շահագործվում է հսկայական խախտումերով, անօրինական ծրագրով. շարունակում են բարձրաձայնել Թեղուտի պաշտպանության հարցով քաղաքացիական նախաձեռնության անդամները: Այսօր հրավիրված ասուլիսին նրանք ներկայացրեցին Թեղուտի անտառի արբանյակից արված լուսանկարները 2001, 2008 և 2013թթ-ին՝ համեմատություններ անցկացնելով և ցույց տալով այդ խախտումները:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը նշեց, թե ըստ շահագործման պահանջի՝ անտառի շահագործմանը զուգահեռ պետք է իրականացվեր անտառտնկման աշխատանքներ, ինչը պատշաճ չի արվել և նկարներից էլ երևում է, թե ինչ տեսք է ունեցել անտառը 2001թ-ին և ինչ տեսք ունի այսօր:
«Պատասխանատուն արդեն Գյուղատնտեսության նախարարությունն է, որը չի վերահսկել»,- ասաց նա: Նա մեկ այլ նկարով ցույց տվեց, թե հանքաքարի արդյունահանման աշխատանքները ևս պահանջին համապատասխան չեն իրականացվել, խախտվել է հանքավայրի եզրագիծը:
«Խախտել են հանքավայրի եզրագիծը, 2013թ-ին անտառահատվել է մեծ տարածք, քան առաջին փուլի համար էր նախատեսված, այսինքն՝ անտառահատում իրականացվել են տոտալ, ոչ թե փուլ առ փուլ, ինչպես հստակ նշված էր պահանջում»,-ասաց նա:
Նա շարունակեց, թե Բնապահպանության նախարությունը հանքի շահագործման թույլտվություն տվել էր մինչև 2014թ-ը, սակայն շահագործումն առանց պետական լիցենզիայի երկարացման՝ շարունակվում է: Աննա Շահնազարյանը նաև հավելեց, թե իրենք ունեն հստակ տեղեկություն, որ հանքի շահագործման համար ծրագիրը փոխվել է:
Բնապահպանի խոսքով՝ տարիների ընթացքում տեսչական ստուգումների պահանջ եղել է, որը նախատեսված էր անցկացնել Թեղուտ ՓԲԸ-ում: Սակայն պետական մարմինները չեն արել, և դա խոսում է անգործության մասին:
«Մենք այդ խնդիրն ենք դնում, որ պետք է ստուգենք, այս անգամ գուցե դատարանի պարտադրանքով և համեմատենք այս ապացուցների հետ, որ ձեռք ենք բերել »,-ասաց նա:
Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց դատական գործընթացը՝ նշելով, որ բազմաթիվ պահանջներ են եղել՝ պահպանել կետերը, որոնք չեն արվել և ստիպված դիմել են դատարան: Փաստաբանը նշեց, որ առաջին անգամ դատարանը Թեղուտի մասին հայցադիմումն ընդունել է, ինչը զգալի քայլ էր:
«Երկրորդ ուրախալի լուրը, որ եղավ, դա այն է, որ դատական քննության ընթացքում որոշվեց, որ հանքավայրում կանցկացվի ստուգումներ»,-ասաց նա և նշեց, որ դատարանի նման որոշումը պայմանավորված էր պահանջների ոչ բավարար ներկայացմամբ:
«Փաստեցինք, որ քաղաքացիական հարասարակությունը բնապահպանական խնդիրներով իրավունք ունի դատարան դիմել: Հարց առաջադրեց դատարանը Բնապահպանության նախարարությանը, որոնք էլ հաստատեցին, որ ստուգումներ պետք է լինեն, դատարանը գործի քննությունը հետաձգեց մինչև սեպտեմբեր՝ թույլ տալով, որ ինքը շտկի բացթողումները»,-ասաց նա:
«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հանքավայրը շահագործվում է անօրինական նախագծով, որը չի անցել փորձաքննություն:
«Ներկայացնում ենք ապացույցներ և լեգիտիմ լինելու համար նախարարությունը պետք է վարչական ակտով կամ պաշտոնական եղանակով ամրագրի, որ օրինական է: Եթե նախարարությունն ասի ոչ մի խնդիր չկա, դա մենք կարձանագրենք և կասենք, որ բա այս չե՞ք տեսել, եկեք ադեկվատ որոշում կայացրեք»,-նշեց նա:










