Արևմուտքի պատժամիջոցները խանգարում էին Հայաստան–Իրան նախագծերին. Իրանի դեսպան

10:53 • 20.07.15

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին հավաստիացնում է, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Ռեյիսին խոսել է նաև Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ապագայի և հայ-իրանական խոշոր ծրագրերի կարևորության մասին:
 

- Պարո’ն դեսպան, Վիեննայում պատմական համաձայնություն կնքվեց, որը որոշ վերլուծաբաններ անվանում են դարի պայմանագիր:
 

-Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն կարող է շրջադարձային լինել և համարվել պատմական իրողություն տվյալ երկրի համար: Այս համաձայնությունը, որը սկզբում կնքվեց Լոզանում, այնուհետև Վիեննայում, կարելի է համարել պատմական: Տարիներ շարունակ Արևմուտքն ամեն ինչ անում էր Իրանին վնասելու համար և Իրանին վնաս պատճառելով` Արևմուտքն էլ է վնասներ կրել: Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը բազմաթիվ առումներով կարևոր է:
 

Նախ, Իրանը, չենթարկվելով պարտադրանքներին, դիմադրեց և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ի վերջո կարողացավ մյուս կողմի համաձայնությունը ձեռք բերել: 

 

Երկրորդ, վատագույն և ամենաբարդ միջազգային խնդիրները կարելի է  լուծել բանակցությունների միջոցով: Գուցե և սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ նման լուրջ խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների շրջանակում:

 

Այնպես, որ այս բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում:

 

Այս համաձայնության արդյունքում ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդի կողմից ընդունված յոթ բանաձևերը չեղյալ են հայտարարվում և Իրանը պաշտոնապես  ուրանի հարստացման և միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու իրավունք է ստանում, և Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում: Արևմուտքը պնդում է, որ Իրանը որոշակի փոխզիջումների է գնացել միջուկային զենք արտադրելու հարցում, այն դեպքում, երբ Իրանը երբեք միջուկային զենք արտադրելու նպատակ չի հետապնդել: Հուսով եմ, որ նույն կերպ կլուծվեն նաև միջազգային այլ հակամարտությունները:

 

-Մենք տեսանք, թե Թեհրանում ինչպես էին տոնում Իրանի և Վեցյակի միջև կնքված համաձայնությունը: Մարդիկ դուրս էին եկել փողոց ու տոնախմբություն էին կազմակերպել:

 

-37 տարի է, ինչ Իրանի հեղափոխությունը տեղի է ունեցել և հեղափոխությունից հետո բազմաթիվ սպառնալիքներ են հնչել Իրանի նկատմամբ: Նաև պատերազմ պարտադրեցին Իրանին: Այս տարիների ընթացքում դաժան պատժամիջոցներ կիրառվեցին Իրանի դեմ: Իրանի ժողովուրդը դիմադրում էր այս բոլոր դժվարություններին, և ամբողջ աշխարհին ապացուցում, որ Իրանը բանակցությունների միջոցով հարցին խաղաղ լուծում տալու կողմնակից է: Ոչ ոք չի կարող սպառնալիքով իրանցիներին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

 

Այդ խանդավառությունն ու տոնակատարությունը արդյունք է այն դիմադրության, որը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների համար քաջաբար գործադրվեց ժողովրդի կողմից:

 

-Հայաստանում այն տեսակետն է, որ հայ-իրանական մեծ նախագծերը, որ ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում, կյանքի չէին կոչվում հենց Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Համամի՞տ եք այս տեսակետին:

 

-Այո, ես այն կարծիքին եմ, որ եթե այդ պատժամիջոցները չլինեին այդ նախագծերը կյանքի կկոչվեին:
 

-Նախագծերից ամենաքննարկվողը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է և նախորդ շաբաթ էլ նախագահ Սարգսյանը Ուֆայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրկին խոսեց երկաթգծի կառուցման կարևորության մասին: Որքանո՞վ է այդ երկաթգծի կառուցումը կարևոր ԻԻՀ-ի համար և մոտ ապագայում ի՞նչնորություն կարող ենք սպասել այդ նախագծից:

 

-Նախագիծը տարածաշրջանային կարևորություն ունի և այն կյանքի կոչվելու դեպքում  Հայաստանը կդառնա տարածաշրջանային տարանցիկ միջանցք, այլ կերպ ասած` Հայաստանը կդառնա նաև կապող օղակ Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Արևելյան Ասիայից և Իրանի հարավային հարևաններից Հայաստանի միջոցով փոխադրումներ կիրականացվեն դեպի հյուսիսային երկրներ: Սա կդառնա հյուսիս-հարավ միջանցք: Հնդկաստանից, Պակիստանից ապրանքները Հայաստանի միջոցով կտարանցվեն, ընդհուպ Եվրոպա: Նախագիծը խոշոր ներդրումների կարիք ունի: Եթե գտնվի ընկերություն, որը ցանկանա իրականացնել նախագիծը` շատ լավ կլինի: Նախագծի՝ Մեղրիից մինչև Սևան հատվածի համար պահանջվում է 3 մլրդ 200 միլիոն դոլար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե գտնվի ներդրող, որը նախագծի հայկական հատվածի համար գումար կհատկացնի, մենք պատրաստ ենք մեր հատվածում՝ այդ 60 կիլոմետրը կառուցել: Ես էլ նախագահ Սերժ Սարգսյանի պես համաձայն եմ, որ այս նախագիծը շատ կարևոր է:
 

-Պարո՛ն դեսպան, ինչպիսին են այսօր հայ-իրանական տնտեսական հարաբերությունները: Տարիների ընթացքում ապրանքաշրջանառության աճը նկատելի՞ է:
 

-Չնայած երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են: Նախատեսվում էր, որ մեկ միլիարդ դոլարի պետք է հասներ ապրանքաշրջանառությունը, բայց 300 միլիոն դոլարից չի անցնում: Պատճառներից մեկն էլ օրենքներն են: Մենք պետք է այս խնդիրները հարթենք և դյուրացնենք պայմանները, որ օգնենք երկու երկրների գործարարներին՝ հանգիստ կերպով իրենց բիզնեսն իրականացնեն: Կան երկրներ, որոնց հետ Իրանը ստորագրել է արտոնյալ սակագների մասին համաձայնագիր և վիճակագրությունը ցույց  է տալիս, որ այդ համաձայնագրերի ստորագրումից հետո տնտեսական հարաբերություններն ու ապրանքաշրջանառության ծավալները միանգամից աճել են: Առևտրի մեջ մի քանի կետ շատ կարևոր է: Դրանցից մեկը օրենքների պարզեցումը և թափանցիկությունն է: Մաքսային օրենքները պետք է լինեն թափանցիկ: Իրանը 22 տարի է հարաբերվում է Հայաստանի հետ, բայց մինչ այսօր չունենք արտոնյալ սակագների մասին համաձայնագիր: Եթե Հայաստանի և Իրանի միջև նաև կնքվի մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ապա կկարողանանք օգնել նաև զբոսաշրջության աճին:

 

-2015-ը Հայաստանի համար կարևոր տարի է։ Հայաստանը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-ը տարելիցը: Իրանն այն երկրների ցանկում է, որ դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ:

 

-Զոհերի հիշատակը միշտ հարգում ենք, իսկ ապրիլի 24-ին Հայաստանում ԻԻՀ դեսպանը մասնակցում է ոգեկոչման միջոցառմանը: Մենք հարգանքով ենք վերաբերվում զոհերի հիշատակին: Մենք միշտ անմեղ մարդկանց կոտորածը դատապարտում ենք:

 

-Ե՞րբ կարող ենք սպասել Հասան Ռոհանիի այցին Հայաստան:
 

-Մենք հուսով ենք և հետամուտ ենք լինում, որ այդ այցն այս տարի իրականանա: Իհարկե, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Մոտ ապագայում սպասվում է նախագահի առաջին տեղակալի այցը Հայաստան և նրա այցից հետո հետամուտ կլինենք պարոն Ռոհանիի այցին:
 

-Այս տարի ականատեսը դարձանք ևս մեկ պատմական իրադարձության, երբ հարաբերությունները Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարթվեցին, և այժմ Հավանան ուՎաշինգտոնը մտադիր են դեսպանատներ բացել, ինչը քաղաքակիրթ հարաբերությունների հիմքն է: Վիեննայում կնքված համաձայնությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ հետագայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման համար և գուցե մոտ ապագայում Թեհրանում էլ բացվի ԱՄՆ դեսպանատուն:

 

-Անհնարին ոչինչ չկա: Մենք ենթադրում ենք թե՛ տրամաբանության շրջանակում, թե՛ բանակցությունների ընթացքում, որ հնարավոր է ամեն ինչ անել: Սակայն այս բանակցությունները միայն ու միայն վերաբերում էին միջուկային ծրագրին: Ուղղակի փորձում էինք այն սպառնալիքները, որ հեղեղվում էին Իրանի դեմ, վերանայվեին: Առանցքային հարցը դա էր: Արևմուտքը միշտ թյուրընկալում ուներ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: Նրանք վատատես էին: Մեր թշնամիներն էլ անընդհատ ակտիվ էին և սուտ լուրեր էին տարածում: Մեր թշնամիները 37 տարի շարունակ, իրենց ԶԼՄ-ների հնարավորություններից օգտվելով, սուտ տեղեկատվություն էին փոխանցում Արևմուտքին: Այսօր ողջ աշխարհը, նաև Արևմուտքը հասկացել է, որ բոլոր թյուրընկալումներն իրավացի չեն եղել: Այն երկրները, որ շատ դժգոհ են այս համաձայնությունից, դրսևորել են իրենց էությունը: Հիմա այդ երկրներն իրենց բնույթով ավելի վտագավոր են, քան այն ստերը, որ հորինել և տարածել էին մեր մասին: Արևմուտքն ու ողջ աշխարհը հասկացավ, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների համար է և Իրանն այն երկիրն է, որ կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Հասկացան, որ միջուկային էներգիայի ծրագիրը սպառնալիք չէ աշխարհին: Այն բոլոր ստուգումները, որ կատարվել են Իրանում, չեն կարողացել ապացուցել, որ Իրանը որևէ շեղում է ունեցել այդ ծրագրում: Այդ համաձայնագիրը կյանքի կոչվելուց հետո Իրանը կարող է ունենալ միջուկային էներգիայի ծրագիր:
 

- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ քննադատության ենթարկեց Իրանի և «վեցյակի» միջև համաձայնությունն ու հանդես եկավ հայտարարությամբ: Ինչպե՞ս կմեկնաբենք նրա հայտարարությունները:
 

-Իսրայելի վարչապետի խոսքերը սուտ եմ անվանում: Նեթանյահուն և նրա կառավարությունը ահաբեկչական վարչակարգ են: Ունենալով միջուկային զենք` NPT-ի (Միջուկային զենքը չտարածելու պայմանագիր) անդամ չեն: Եթե Իսրայելը չունի որևէ խնդիր կամ պրոբլեմ, ինչո՞ւ չի անդամակցում NPT-ին: Իսրայելը 200 միջուկային մարտագլխիկ ունի և Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր երկիրն է: Այդ երկիրը ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակում ստանձնած իր պարտականությունները չի կատարում և այս տարիների ընթացքում, բացի սուտ տեղեկատվության տարածումից, այլ գործով չի զբաղվել: