Դրական տեղաշարժ արձանագրում ենք. Ա. Ալավերդյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին
Դրական տեղաշարժ արձանագրում ենք մատչելիության ոլորտում, որն ամենահրատապներից է, սակայն այդ դրական տեղաշարժը շատ փոքր բացառություններով միայն վերաբերում է մայրաքաղաքին։ Այս մասին այսօր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա նա ասաց, որ այսօր գործող ներառական դպրոցները հարմար չեն բոլոր հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Նա շատ կարևորեց այլընտրանք չունեցող հաստատությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ դարձնելը։
«Մեր անկախության տարիների երևի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երբ բնակիչները փողոցներում սայլակներով մարդկանց են տեսնում, արդեն չեն մտածում, որ դուրս է եկել ողորմություն խնդրելու համար և տեսնում են այդ մարդուն՝ որպես ակտիվ անձնավորություն, աշխատող, սովորող, քեֆ անող։ Ցավոք սրտի, վերջերս միտում կա տարբեր սուտի դրամահավաքների միջոցով չարաշահել հաշմանդամության փաստը և փող մուրալ»,- ասաց նա։










