Միջավայրի մատչելիությունը ապահովելը պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ պարտադիր պահանջ. Արտեմ Ասատրյան

14:30 • 21.07.15

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկանում են 2016 թվականը հայտարարել հավասար հնարավորությունների և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի լուծմանը նվիրված տարի:
 

«Միջավայրի մատչելիությունը ապահովելը պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ պարտադիր պահանջ և պետք է կիրառելի լինի բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերում»,-ասաց նա։


Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը հասարակությունում ինտեգրված լինելու խնդիրն է։


Արտեմ Ասատրյանն համարում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի իրավունքի իրացումը կարևոր և սկզբունքային քայլ է   և աշխատանքի հետ կապված ամենակարևորն է մատչելի միջավայրը, շենքերի հարմարեցված լինելը։  «Մինչ հիմա կառուցված շենքերը, շինությունները գրեթե որևէ կերպ հարմարեցված չեն եղել, սակայն շատ կարևոր է, որ նոր կառուցվողների համար պարտադիր պայման է դարձել, որ նախագծերում նախատեսվեն այդ պահանջները և այն շենքերը, որոնք հիմնարար վերանորոգման են ենթարկվում, ըստ հնարավորության՝ նախատեսեն այդ հարմարությունները»,- ասաց նա։