2014 թվականին բնական աղետների պատճառով 19 միլիոն մարդ է տեղահանվել

16:53 • 21.07.15

2014 թվականին 19 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները` բնական աղետների, հիմնականում թայֆունների, ջրհեղեղների և ավելի ու ավելի հաճախակի դարձող այլ եղանակային պայմանների հետ կապված իրադարձությունների պատճառով, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով օգնություն տրամադրող եվրոպական առաջատար կազմակերպությանը:

 

Փախստականների նորվեգական խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարի տեղահանված 19,3 միլիոնից մոտ 90 տոկոսը եղել է Ասիայում: Թայֆուններից, ջրհեղեղներից, երկրաշարժերից և հրաբխային ժայթքումներից հիմնականում մեծ վնաս են կրել Չինաստանը, Հնդկաստանը և Ֆիլիպինները:

 

Այս թիվը նախորդ տարիների համեմատ ավելի ցածր է եղել 2014 թվականին, բայց տեղահանության պատմական միտումը հստակորեն աճ է գրանցում:

 

«Մեր պատմական հետազոտությունը ցույց է տալիս, որ այսօր մարդու տեղահանվելու հավանականությունը 60 տոկոսով ավելի մեծ է, քան 1970-ականներին»,-- ասել է խորհրդի ներքին տեղահանության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ալֆրեդո Զամուդիոն: