ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը գրավը վճարել է ավտոմեքենաներով և ժամացույցներով

10:07 • 21.07.15

ՖԻՖԱ-ի նախկին փոխանախագահ Ջեֆրի Ուեբը վճարել է 10 միլիոն դոլարի չափով գրավը իր ունեցվածքով և կնոջ՝ Կենդրա Գեմբլ Ուեբի թանկարժեք իրերով, գրում է lenta.ru-ն:


Նա ներկայացրել է երեք ավտոմեքենա՝ Ferrari, Range Rover, Mercedes, ինչպես նաև Rolex, Cartier, Hublot, Breitling, Panerai, Royal Oak Offshore և Luminor Marina ապրանքանիշների ժամացույցներ: Բացի այդ նա փոխանցել է տասը անշարժ գույքի փաստաթուղթ, 401 հազար դոլար իր կնոջ հաշվեհամարից, և մի քանի թանկարժեք զարդեր, որոնց թվում է ադամանդով ամուսնական մատանին, մարգարտե վզնոց և ականջօղեր, ադամանդե ապարանջան և ականջօղեր:


Հուլիսի 18-ին Բրուքլինի դաշնային դատարանը  Ուեբին գրավի դիմաց ազատ է արձակել: Ազատ արձակման պայմանների համաձայն՝ նա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո է հանձնել իր անձնագրերը և պետք է գտնվի Բրուքլինում ԱՄՆ դաշնային դատարանից 32 կիլոմետրից ոչ հեռու ընկած տարածքում: Նրա տեղաշարժերին հետևելու է հատուկ էլեկտրոնային սարքը:

 

Դատարանում պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչել կաշառք վերցնելու մեջ: Քննիչների կարծիքով՝ 24 տարվա ընթացքում նա ստացել է մոտ 150 միլիոն դոլար՝ ֆուտբոլային մրցաշարերի հեռարձակման իրավունքներ տրամադրելու համար:


Մայիսի վերջին ՖԻՖԱ-ում մեծ կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել, որը նաև կապված է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ընդունող երկրների ընտրության ժամանակ կաշառք ստանալու հետ: 

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման մասին որոշումների ընդունման գործընթացում տրված հնարավոր կաշառքներին վերաբերող հետաքննությունը սկսվել է մայիսին՝ ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյաների ձերբակալումից հետո:


Մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվել էին կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց օրեր անց՝ հունիսի 2-ին, ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարական է տվել։

 

Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքներ է առաջադրված 14 նախկին և գործող պաշտոնյաների: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ նրանք կասկածվում են  24 տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ: