ԵՏՄ արդյունաբերության նախարարը՝ Իրանի հետ նոր կարգավիճակով համագործակցելու և մետաքսի ճանապարհի նախագծի մասին

16:03 • 21.07.15

ԵՏՄ արդյունաբերության  և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկուց լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Իրանի հետ ձեռք բերված համաձայնության  մասին և այն ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ի վրա:

 


«Այսօր ավելի քան 40 պետություն հայտարարել է այն մասին, որ ցանկություն ունի աշխատել մեզ հետ ազատ տնտեսական տարածքում, այդ թվում նաև Իրանը»,- ասաց նա և հավելեց, թե այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ են գնում չինական, հնդկական գործընկների հետ: Նա տեղեկացրեց, որ նախորդ ամսին արդեն փաստաթուղթ է ստորագրվել վիետնամական կողմի հետ, ըստ որի՝ ԵՏՄ-ի անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը կարող են  ազատ աշխատել:    


«Այդ իսկ պատճառով մենք քայլ առ քայլ բացում ենք բիզնեսի համար հնարավորություններ՝ ազատ տնտեսական տարածքում համագործակցելու համար»,- ասաց նա:     


Իսկ թե մետաքսի ճանապարհի վերականգնումը որքանով է համարում  իրատեսական,  հաշվի առնելով վերջին շրջանում այդ մասին ավելի շոշափելի քննարկումները, նշեց, որ իրենց երկրների նախագահների հանձնարարությամբ աշխատում են այդ ուղղությամբ: «Մեր կարծիքով այդ նախագիծը շատ հետաքրքիր է ԵՏՄ-ի համար և կարծում ենք  առաջիկա հեռանկարում ավելի շոշափելի կլինի»,- ասաց նա:


Սերգեյ Սիդորոսկին նշեց, որ սեպտեմբերին Վլադիվոստոկում կանցկացնեն մեծ բիզնես  ֆորում՝ «Մետաքսի ճանապարհ և ԵՏՄ ապագա հեռանկարները» թեմայով, որը  հնարավորություն կտա հասկանալ ոչ միայն նախագծի տրանսպորտային խնդիրները, այլ նաև նոր բիզնեսի նոր հնարավորությունները: Իսկ թե Հայաստանը ներառված է ծրագրում, պատասխանեց, որ իհարկե այո: