Սիրիայում սպանվել է «Խորասան» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը. Պենտագոն
«Խորասան» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը ոչնչացվել է Սիրիայում՝ ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դևիսը:
Նրա խոսքով՝ Մուհսին ալ-Ֆադլին, որը համարվում էր «Ալ-Կաիդայի» վստահված անձանցից մեկը, նախապես տեղյակ է եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության մասին, սպանվել է դեռևս հուլիսի 8-ին, երբ մեքենայով ընթանալիս է եղել Սարմադ քաղաքում:
Ալ-Ֆադլին եղել է ամենաորոնվող ահաբեկիչներից մեկը: 2014 թվականին նա դարձյալ ռմբակոծության էր ենթարկվել ԱՄՆ զինուժի կողմից, սակայն այդ ժամանակ նրա մահվան փաստը հաստատել չէր հաջողվել:
ԱՄՆ-ում նրա գտնվելու վայրը հայտնողին 7 մլն դոլար պարգևատրում էին խոստացել:










