Ֆրանսիական Technicolor-ը 550 մլն եվրոյով ձեռք կբերի Cisco՝ հեռուստացույցների կցորդների արտադրությունը
Լուսանկարը՝ REUTERS/Jim Young-ի։
Ֆրանսիական Technicolor ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ձեռք բերել Cisco System ընկերության հեռուստացույցների կցորդների արտադրության և տեսանյութերի նվագարկման ներտնային սարքերի բիզնեսը՝ 550 մլն եվրոյով, գրում է 3dnews.ru-ն։
Գործարքը կնքելու մասին հայտարարելուց հետո Փարիզում գտնվող Technicolor ընկերության արժեթղթերի գներն աճել են 22%-ով։
Պայմանագրի համաձայն Cisco-ն կստանա 413 մլն եվրո կանխիկ, և 137 մլն եվրո ընդհանուր արժեքով Technicolor-ին պատկանող արժեթղթեր։
Նախատեսվում է, որ գործարքը վերջնականապես կկնքվի 2015-ի չորրորդ եռամսյակում կամ 2016-ի առաջին եռամսյակում։
Դրանից հետո Cisco ընկերության ավագ փոխնախագահ, տեխնոլոգիաների պատասխանատու և ընկերության գլխավոր ռազմավար Հիլթոն Ռոմանսկին կմտնի Technicolor ընկերության տնօրենների կազմի մեջ։










