Թուրքերի հակառակորդ քրդերը չեն բացառել, որ կմիանան Ասադի զորքին

17:54 • 27.07.15

Իրաքի հյուսիսում քրդերի դեմ տարվող ռազմական գործողությունների մասին խոսելով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևը համարվող PYD-ի համանախագահն ուշագրավ հայտարարություն է արել։

 

Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, կառույցի առաջնորդներից Սալիհ Մուսլիմը չի բացառել, որ իրենք կարող են միանալ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքին:


«Եթե Սիրիայի բանակը նոր մոտեցմամբ ու նոր պայմաններն ընդունելով ցանկանա տարածաշրջան վերադառնալ, ապա ինչո՞ւ ոչ: Այդ ժամանակ մենք Սիրիայի բանակի մի մասը կդառնանք: Սակայն նախկինի նման լինել չի կարող»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք պայքարում են ժողովրդավարական և դաշնային Սիրիայի համար:

 

Սիրիայի քրդերը տասնամյակներ շարունակ երկրում իշխող ԲԱԱՍ կուսակցության կողմից ճնշվել են, իսկ 2004 թվականին Քամշլիում ֆուտբոլային հանդիպումից հետո տասնյակ քրդեր են սպանվել, ինչն ուղեկցվել էր ձերբակալություններով ու տանջանքներով:

 

2011 թվականին Սիրիայում սկսած ապստամբությունից հետո Ասադի վարչակազմն իրականացրած բարեփոխումների ընթացքում քրդերին անձնագրեր էր տվել: Այդ քայլը, սակայն, շատ քրդեր ոչ բավարար էին համարել: