Առողջապահության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի

15:48 • 27.07.15

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում կկայանա Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
 

Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլ կազմակերպություններ: Նախատեսված է նաև հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը կծանոթանա Ախալցխայի և Ախալքալաքի բժշկական կենտրոնների գործունեությանը:
 

1993 թվականին Հայաստանը Վրաստանի հետ ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է համագործակցությունը խթանելու և նորացնելու անհրաժեշտություն: Կան նաև առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարևան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ: