Սիրիայի քրդերն «Իսլամական պետությունից» քաղաք են վերագրավել
Քրդական ինքնապաշտպանության ջոկատները Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաք են վերագրավել՝ տարածքում մեկ ամիս տևած գրոհից հետո։ Այդ մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հաղորդում է Reuters-ը:
Եփրատ գետի մոտ գտնվող Սարին քաղաքն «Իսլամական պետությունն» օգտագործում էր՝ այդտեղից իր գրոհները կազմակերպելով Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քոբանի քաղաքի ուղղությամբ:
Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ղեկավարված հարձակումներն օգնել են քրդերին քաղաքի ազատագրման գործում:
Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնց աջակցում են փոքր սիրիական ապստամբ խմբեր, զգալի նվաճումներ է գրանցել «Իսլամական պետության» դեմ Ռաքքայի շրջանում:










