ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիային նախազգուշացրել է չսրել քրդերի հետ հակամարտությունը

16:22 • 27.07.15

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը, որին խոչընդոտում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին օդային հարվածները, գրում է ria.ru-ն:

 

Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ օրը սկսել են հարձակումներ գործել Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի և Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի վրա: Գործողության ընթացքում օգտագործվում են F-16 կործանիչներ, իսկ տանկերը և հրետանին կրակում են ԻՊ-ի դիրքերի վրա Թուրքիայի սահմանամերձ տարածքից:

 

«Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից, բայց կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն և չհանգեցնեն հակամարտության սրման»,- ասել է Սթոլթենբերգը:

 

Նա նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խանգարի խաղաղ քաղաքական լուծման որոնումների ուղղությամբ տարվող ջանքերին:

 

Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին՝ Սուրուչում, ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից և հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո, ինչի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդական աշխատավորական կուսակցությունը»։