Ֆրանսիացի ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիաները՝ փակելով երկրի արևելքում ավտոճանապարհը

16:00 • 28.07.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Գյուղատնտեսական ոլորտում ճգնաժամի պայմաններում կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացի ֆերմերները երեքշաբթի օրը վերսկսել են բողոքի զանգվածային ակցիաները: Այս անգամ ցույցերն անց են կացվում երկրի արևելքում. հարյուրավոր ֆերմերներ դուրս են եկել Լոթարինգիայի շրջանի ավտոճանապարհներ՝ արգելափակելով երթևեկությունը, հաղորդում է ТАСС-ը:

 

Տրակտորների օգնությամբ նրանք մտադիր են կանգնեցնել բեռնատարների երթևեկությունն արևելյան Ֆրանսիայի երկու հիմնական ավտոճանապարհներին՝ A31-ի, որը Լոթարինգիան կապում է Լյուքսեմբուրգի հետ, և A4-ի, որը կապում է Փարիզը և Ստրասբուրգը:

 

Ցուցարարները, միևնույն ժաամանակ, խոստացել են չխոչընդոտել մյուս մեքենաների երթևեկությանը, նրանց ակցիան ուղղված է բեռնատարների դեմ: Չնայած դրան՝ ցույցի պատճառով շրջանի ճանապարհներին տեղ-տեղ զգալիորեն դժվարացել է երթևեկությունը:

 

Ֆերմերների ցույցերը Ֆրանսիայում անց են կացվում անցած շաբաթվա սկզբից: