Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Հադա Կարմին երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը միջազգային պատժամիջոցների վերացման ֆոնին պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը, հաղորդում է ria.ru-ն:
«Իրանական ավիացիան ունի տրանսատլանտյան ինքնաթիռներ, որոնք կարող են թռիչքներ իրականացնել ԱՄՆ՝ առանց լիցքավորման համար կանգառի»,- ասել է Հադա Կարմին:
Նրա խոսքով՝ ուղիղ չվերթներ վերսկսելու համար հարկավոր է ստանալ նմանատիպ մարմիններից «դիվանագիտական թույլտվություններ»՝ հստակեցնելով, որ երբ նման թույլտվությունները տրամադրվեն, «քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կանցնի թռիչքների վերականգնման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացմանը»:
Հադա Կարմին հավելել է, որ պատժամիջոցների վերացման ֆոնին տարբեր երկրներից մի քանի միջազգային ավիափոխադրողներ արդեն Իրանին համագործակցության առաջարկներ են արել:
«Այդ առաջարկները, որոնք ներառում էին Իրանին ինչպես ինքնաթիռների, այնպես օդանավակայանների համար սարքավորումների վաճառք, ուղարկվել են համապատասխան մարմիններ և արդեն ուսումնասիրվում են»,- ասել է նա:










