Շուրջ 2000 գաղթական փորձել է Լա Մանշի թունելով հասնել Բրիտանիա
Շուրջ 2000 գաղթական երեքշաբթի գիշերը փորձել է անօրինական հատել Բրիտանիա` Ֆրանսիայի Կալե նավահանգստից հատելով Լա Մանշի նեղուցը:
Ինչպես հաղորդում է BBC-ն` մեջբերելով թունելի Eurotunnel օպերատոր ընկերության ներկայացուցչին, նման միջադեպ տեղի ունենում գրեթե ամեն գիշեր, սակայն Բրիտանիա հասնելու վերջին փորձն ամենալայնամասշտաբ էր 2 ամսվա ընթացքում:
Eurotunnel-ի ներկայացուցչի խոսքով` իրենք ստիպված են եղել գործի դնել իրենց անվտանգության բոլոր աշխատակիցներին` մոտ 200 մարդ, և ոստիկանների: Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է:
Ամռան սկզբից ի վեր այս ճանապարհով Ֆրանսիայից Բրիտանիա հասնելու փորձի ժամանակ 8 գաղթական է զոհվել:
Պաշտոնական տվյալներով` հուլիսին մոտ 3000 փախստական է ժամանել Կալե այնտեղից Բրիտանիա հասնելու հույսով: Մեծամասնությունն Աֆրիկյան երկրներից և Աֆղանստանից են:










