ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի հյուսիսում ԻՊ-ից ազատ բուֆերային գոտու ստեղծման ջանքերին

17:02 • 28.07.15

ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետությունից» ազատ բուֆերային գոտու ստեղծման ջանքերին, դա երկկողմանի հարց է, որով զբաղվում են Թուրքիան և ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, գրում է ria.ru-ն:

 

«ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ ջանքերին, դա քննարկվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից երկկողմանի հիմքի վրա: Ես ողջունում եմ ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի նոր ջանքերը: Թուրքիան, իհարկե, ավելի շատ փախստականներ է ընդունում, քան ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, ես ողջունում եմ դա և Թուրքիա ժամանող հարյուր հազարավոր փախստականներին տրամադրվող օգնությունը: Բայց կոնկրետ ինչ վերաբերում է այդ հարցին, ՆԱՏՕ-ն դրան չի մասնակցում, դա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի հարց է»,- ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծման պլանների վերաբերյալ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի մասին հարցին:

 

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել են, որ ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են համագործակցել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայիններից ազատ բուֆերային գոտու ստեղծման շուրջ: Դրա նպատակը թուրք-սիրիական սահմանին անվտանգության և կայունության ամրապնդումն է։